Աչքի վնասվածքների բաժանմունք

Բաժանմունքի Մասին
Բաժանմունքի վարիչ՝ Ա․Հ․Վարդանյան
Հիվանդանոցի հիմնադրման օրից՝ 1978թվականից բաժանմունքը կոչվել է Անոթային պաթոլոգիայի բաժանմունք, սակայն այն կատարել է նաև աչքի վնասվածքներով բուժառուների բուժման և ռեաբիլիտացիայի գործառույթներ: Այդ ամենն ավելի ակնառու դարձավ 1992-94թթ. պատերազմական գործողությունների, ինչպես նաև 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ: Առաջին պատերազմի ժամանակ բաժանմունք է ընդունվել և տարբեր տեսակի ու ծավալի բուժօգնություն ստացել 299, իսկ 2016թ.-ին՝ 6 բուժառու: Այնուհետև 2020 թվականից բաժանմունքը վերանվանվեց Աչքի վնասվածքների բաժանմունք, և 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում այստեղ ցուցաբերվեց բուժօգնություն 164 բուժառուի:
Բաժանմունքի գլխավոր ռազմավարությունը ակնային վնասվածքներով բուժառուների առաջին բուժօգնություն, վերականգնում և անհրաժեշտության դեպքում նաև հետագա վիրահատական բուժում ապահովելն է: Բաժանմունքի գործունեության հիմնական թիրախը ակնային օտար մարմիններով բուժառուների վարումն ու վիրահատական բուժումն է:
Բուժառուների բուժումը լիարժեք կատարելու համար բաժանմունքն օժտված է ժամանակակից բոլոր սարքավորումներով (ռենտգեն հետազոտություն, աչքի սոնոգրաֆիա), որոնք թույլ են տալիս ապահովել բարձր մակարդակի բուժօգնություն:
Բաժանմունքի բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստումներ աշխարհի ամենատարբեր երկրների առաջատար կլինիկաներում, իսկ հիվանդանոցի ղեկավարությունն էլ իր հերթին ստեղծել է բոլոր պայմանները հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը լիարժեք կազմակերպելու համար:
Բաժանմունքում կատարվում է նաև երիտասարդ բժիշկների ուսուցում՝ ակնային վնասվածքներով բուժառուների վարման հիմնական կանոններին տիրապետելու համար:
Աչքի վնասվածքների բաժանմունքում բացի ակնային վնասվածքներով բուժառուների բուժօգնության ցուցաբերումից կատարվում է նաև ակնային ցանկացած պաթոլոգիայով բուժառուների խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, այդ թվում նաև ոսպնյակի և ակնահատակի հիվանդությունների վիրահատական բուժում, ինչպես նաև ամբուլատոր միջամտություններ:
Այսօր էլ բաժանմունքը շարունակում է իր գործունեությունը ամբողջ ծավալով ոչ միայն ռազմական, այլ նաև կենցաղային, արտադրական և մնացած բոլոր վնասվածքների դեպքում:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 45 ամյակին նվիրված գիտաժողովի Աչքի վնասվածքների բաժանմունքի զեկույցների թեմաներ
Ներակնային օտար մարմինների հեռացման տակտիկան Ս.Վ.Մալայանի անվ. ա/կ-ի վնասվածքաբանական բաժանմունքում (Գրիգորյան Գ.Լ.)
Ներակնային օտար մարմնի հեռացման դեպքեր Ս.Վ.Մալայանի անվ. ա/կ-ի վնասվածքաբանական բաժանմունքում (Ղարիբյան Տ.Վ.)
2020-2023թթ. Ս.Վ.Մալայանի անվ. ա/կ-ի վնասվածքաբանական բաժանմունք դիմած բուժառուների մոտ օտար մարմինների առկայությամբ վնասվածքների ստատիստիկ տվյալներ (Գրիգորյան Լ.Գ.)